ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանում հայտնաբերված հայերեն գրություններով տապանաքարերն ու մասունքները կտեղափոխվեն Խոջիվանքի պանթեոն

Վրաստանում հայտնաբերված հայերեն գրություններով տապանաքարերն ու մասունքները կտեղափոխվեն Խոջիվանքի պանթեոն

Հոկտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Թեա Ցուլուկիանին և Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանն այցելեցին Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության շենքի հարակից տարածք, որտեղ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էին հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր և մարդկային մասունքներ։

Հայտնաբերված տապանաքարերն ու մասունքները կտեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանքի» պանթեոն։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի իշխանություններին ցուցաբերած հոգատարության համար՝ բարձր գնահատելով վրաց ժողովրդի վերաբերմունքը քաղաքակրթական և քրիստոնեական համընդհանուր արժեքների նկատմամբ։

Նշենք, որ այս տարածքում է գտնվել խորհրդային տարիներին ավերված Թբիլիսիի հայկական Վանքի մայր տաճարի գերեզմանոցը։

  • Կիսվել: