Կիրակի՝ հուլիսի 4-ին, Վրաստանի Մուրջախեթ գյուղում անցկացվեց Խաչքարին նվիրված տոն: Տոնը նշվեց ֆուտբոլային մրցաշարով և համերգով՝ գյուղի երիտասարդների ու երեխաների մասնակցությամբ, գրում է jnews.ge-ն:

Խաչքարի օրը դարձել է գյուղի ավանդական տոնը:

Խաչքարը գյուղում հայտնաբերվել է մոտ 25 տարի առաջ: Ինչպես գյուղացիներն են ասում, երբ նույն գյուղի տրակտորիստի վրա պատահաբար լցվում է բենզին և սկսում է այրվել, նա վազում է, բախվում քարին և վայր ընկնում: Նա ինքն իրեն ասում է, որ եթե կենդանի մնա, մատաղ կանի (զոհաբերություն): Տրակտորիստը ողջ է մնում, իսկ հետո, երբ նա գնում է այդ վայր, այնտեղ գտնում է խաչքար:

xachkar murjaxett

Հետագայում այս խաչքարն ամբողջ գյուղով հանում են գետնից և տեղադրում որպես հուշարձան: Դրանից հետո, Մուրջախեթ գյուղում հուլիսի առաջին շաբաթը նշվում է որպես Խաչքարի օր, տոնակատարությունն անցկացվում է երգ ու պարով:

Անցյալ տարի համավարակի պատճառով անցկացվել էր միայն ֆուտբոլային մրցաշար:

murdjaxet1

Ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների գյուղերի 18 թիմ: Չորս թիմ անցել են եզրափակիչ: Մրցաշարում հաղթել է Մուրջախեթ գյուղի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Փոքր Գոնդուրա գյուղի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Վաչիան գյուղի թիմը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով և գավաթով: