երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի Գոման գյուղում հայկական Խաչ է տեղադրվել (լուսանկարներ)

Վրաստանի Գոման գյուղում հայկական Խաչ է տեղադրվել (լուսանկարներ)

Խաչի օրհնման և բացման տոնական միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, որն ուղեկցվեց մատաղի արարողությամբ և ճաշկերույթով, գրում է jnews.ge-ն:

Այսուհետ Գոման գյուղի մուտքի հատվածում վեր է խոյանում մետաղական կառուցվածքով 9,5 մետրանոց հայկական Խաչը, որը նաև լուսավորված է։

Նախաձեռնության հեղինակները ծնունդով գոմանցի Լավրենտ, Սպարտակ և Էդիկ Հակոբյան եղբայրներն են, որոնք ներկայումս բնակվում են Ռուսաստանում և Հայաստանում: Օրհնության կարգը կատարեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևորականներից Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը:

Խաչի տեղադրման տոնակատարությունը Գոմանում ակցկացվեց համեստ, առանց ավանդական երգ ու պարի։ Ինչպես գոմանցիներն իրենց խոսքում նշեցին՝ իրենք բարոյական իրավունք չունեն այս դառը օրերին, երբ Արցախահայությունը բռնել է բռնագաղթի ճանապարհը, մշակութային  երաժշտական միջոցառում անցկացնելու։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո փոքրիկ Հակոբյանը կտրեց կարմիր ժապավենը, իսկ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևորականներից Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը կատարեց խաչի օրհնության կարգը:

«Խաչը քրիստոնեության սիմվոլ է, մեր նախնիները պատահական չի, որ հայ ժողովուրդը ուր բնակություն է հաստատել, այնտեղ եկեղեցի է կառուցել, խաչքարեր կանգնեցրել, որը մեր հավատքի, մեր կրոնի ամենամեծ խորհրդանիշներից մեկն է։ Խաչը խորհրդանշում է՝ իմաստություն, արդարություն, փրկություն և սրբություն», – ասաց Գոման գյուղից Ախալքալաքի սկարեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։

Ինչպես նշեց Հակոբյան եղբայրներից Լավրենտը, սա ամենևին բարեգործություն չէ, պարզապես, որպես քրիստոնյա՝ իրենց պարտքն են կատարել։

«Մենք որպես քրիստոնյա ժողովուրդ, մեր պարտքն ենք կատարել։ Մտահղացումն եղավ անցած տարի, երբ սկսվեց մեր գյուղի եկեղեցու հիմնանորոգումը։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք և ամեն մեկս այս խաչը մեր հոգում կրում ենք, Աստված պահապան բոլորիս։ Թող խաղաղություն լինի աշխարհում և մեր Ջավախքում», – ասաց բարերար Լավրենտ Հակոբյանը։

Գոմանցիները երախտապարտ են նախաձեռնության հեղինակներին՝ բարի գործի համար։

  • Կիսվել: