երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուսումնական տարվա համար Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 21-ը ներառյալ:

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին կամ ռուսերենին (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ներբուհական քննությունները):

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  • Դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
  • վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  • ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` թարգմանված անգլերենով՝ նոտարական հաստատմամբ,
  • բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  • անձնագրի պատճենը,
  • ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
  • բժշկական տեղեկանք (անգլերեն),
  • 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
  • արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ՝ պատճենի հետ միասին:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ. +37410-59-96-46)։

 

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Վրաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ուսման տարեկան վարձավճարը պետք է չգերազանցի 2250 վրացական լարին: Ամսական կրթաթոշակը կազմում է 300 լարի: Մրցույթի հաղթողների համար Վրաստանում կարող է կազմակերպվել գիտելիքների ստուգում` ըստ Վրաստանի համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության նպատակահարմարության:

Նշենք նաև, որ արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշմամբ:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

  • Կիսվել: