Վերջին 1 տարվա ընթացքում «Շողակաթի» վարկանիշը հավասարվել էր գրեթե զրոյի․ Տիգրան Հակոբյան
Այդ նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ, և մենք գիտենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ և ճիշտ լուծում գտնել: Սակայն ես մի ուրիշ բան ասեմ. մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստածրագիր էր, այն կրթական-մշակութային էր: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, որին լրագրողները հարց էին ուղղել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխության վերաբերյալ: Այս մասին փոխանցում է Լուրերը:
«Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն, հասկանո՞ւմ եք, որովհետև կրթությունը և մշակույթը շատ ժամանակ կրոնի, կղերական մոտեցման հետ որևէ կապ չպիտի ունենան, բայց մեր հասարակությունը, մենք՝ բոլորս, դրա վրա ուշադրություն չդարձրինք: Չձևափոխվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը»,- ասաց Հակոբյանը:
ՀՌՀ նախագահի խոսքով՝ իրենք այդ մասին հարցումներ արել էին Հանրային հեռարձակողների խորհրդին:
«Հասարակությունը, մամուլը խառնվում է ինչ-որ դեպքերի մեջ, երբ այդ թնջուկը լուծում է ստանում՝ ճիշտ թե սխալ: Կարծում եմ՝ եթե «Շողակաթը կատարեր իր առաքելությունը և իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չէինք հասնի: Ես կարծում եմ՝ չի կարելի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում և՛ Աստծո առաքելությունից խոսել, և՛ ցույց տալ քաղաքական բովանդակություն»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ սա երկար չէր կարող տևել, և դա նկատեց նաև հեռուստադիտողը:
Նրա խոսքով՝ վերջին 1 տարվա ընթացքում «Շողակաթի» վարկանիշը աստիճանաբար ընկնում էր և հավասարվել էր գրեթե զրոյի:
«Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը Հայաստանում, ցավոք, լսարան չուներ: Եվ սա պետք է լուծում ստանար: Շատ չեմ ուզում ծավալվել, որովհետև սա արդեն օրենք է, իսկ օրենքի ճիշտ և սխալը հանձնաժողովի նախագահը կամ անդամը իրավունք չունի մեկնաբանել, բայց մենք սկսեցինք անդրադառնալ խնդրին, երբ գնացքը արդեն գնացել էր: Կարծում եմ՝ մտահոգված, հետաքրքրված հասարակությունը շատ ավելի շուտ պետք է ուշադրություն դարձներ «Շողակաթի» բովանդակությանը»,- նշեց Տիգրան Հակոբյանը:



