հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերանորոգվել է Իրանի Բուշեհր քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին

Վերանորոգվել է Իրանի Բուշեհր քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին

Բուշերի հայկական եկեղեցին Իրանի հարավում գտնվող նավահանգստային այդ քաղաքի պատմական հուշարձաններից է։ Վերջերս վերանորոգվել է եկեղեցու հին շենքը և բակը, գրում է parstoday.com-ը:

Ավարտվել է Բուշերի նավահանգստի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքը, և նահանգային պաշտոնյաներն ձգտում են այդ պատմական կոթողը վերաբացել զբոսաշրջիկների այցելության համար:

Վերանորոգվել է եկեղեցու հին շենքը և բակը։ Միջոցառումներ են իրականացվում նաև եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի գրանցման ուղղությամբ։ Բուշերի հայկական եկեղեցին այս նավահանգստային քաղաքի ամենակարևոր և արժեքավոր պատմական հուշակոթողներից է։

Իրանը հանգրվան է բազմաթիվ եկեղեցիների, սրբավայրերի և տաճարների համար: Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներում Ս. Թադեոս, Ստեփանոս և Ծործորի վանքերը 2008 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ շինությունները բնութագրել է որպես հայկական ճարտարապետության վառ օրինակ:

Հարկ է նշել, որ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1819 թվականին Բուշերի հայտնի հայերից «Ավետյան» ընտանիքի կողմից։ Այս եկեղեցին գրանցվել է որպես Իրանի ազգային հուշակոթողներից մեկը:

  • Կիսվել: