ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարպետության դասերից մինչև միջազգային հաղթանակներ. «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ

Վարպետության դասերից մինչև միջազգային հաղթանակներ. «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ

Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի «Վարպետության դասեր արտերկրյա առաջատար մասնագետների հետ» շարքի շրջանակում UCSI երաժշտական համալսարանի դեկան, պրոֆեսոր, դաշնակահար Թին Խուա Փընգը դասեր է անցկացրել մի քանի երաժշտական դպրոցների աշակերտների և Երևանի պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի ուսանողների հետ։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Թին Խուա Փընգը նշել է, որ հայ պատանի դաշնակահարները շատ տաղանդավոր են, և կոչ է արել նրանց շատ կարդալ, հասկանալ մարդկանց, պատրաստ լինել հաղթահարելու կյանքի դժվարությունները՝ որպես մեծ արվեստագետ կայանալու ճանապարհին։

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հյուրին նվիրել է Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ժողովածուն:

Պրոֆեսոր Թին Խուա Փընգի հանդիպումներին մասնակից պատանի դաշնակահարները հանդես են եկել «Վարպետության դասերի» ամփոփիչ համերգով։

«Վարպետության դասերի» հաջորդ հանդիպումը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում սեպտեմբերի 26-ին, 27-ին, 29-ին և 30-ին: Դասերը կվարի դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները դասերին զուգահեռ շարունակում են մասնակցել և հաղթանակներ գրանցել միջազգային մրցույթներում:  «Մեկնարկ»-ի մասնակից Էլեն Խաչիկյանը մասնակցել է Տոկիոյի միջազգային երիտասարդական երաժշտական մրցույթին և արժանացել առաջին մրցանակին։

  • Կիսվել: