ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վանաձորում իրականացվում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը

Վանաձորում իրականացվում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2023 թ.-ի ծրագիրը:

Այս անգամ ծրագիրը անց է կացվում  քաղաք Վանաձորում՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում։

Ծրագրի շրջանակներում ոլորտի հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետների մասնակցությամբ, Երևանի և ՀՀ մարզերի արտադպրոցական ուսումնական հաստատություններում՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում և ստեղծագործական կենտրոններում, կիրականացնեն ուսումնամեթոդական, գործնական օգնություն և դասալսումներ վերոնշյալ դպրոցների դասատուների համար:

Ծրագիրը միտված է մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում:

Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակցում են տեսական և գործնական դասընթացների, ձեռք են բերում գիտելիքներ ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական դաշտի, շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, միջազգային փորձի և ներառական կրթության մեթոդաբանության վերաբերյալ:

Ուսումնական շուրջ 35 հաստատության 350 մանկավարժ դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենա: Արդյունքում ակնկալվում են մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև վերջիններիս կրթության իրավունքի ապահովում:

 

  • Կիսվել: