հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վալենսիայում ներկայացվել է Մոնսերատ Կաբալյեի վերաթողարկված ալբոմը՝ նվիրված Հայաստանին եւ Արցախին

Վալենսիայում ներկայացվել է Մոնսերատ Կաբալյեի վերաթողարկված ալբոմը՝ նվիրված Հայաստանին եւ Արցախին

Աշխարհահռչակ օպերային երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ձայնասկավառակը նվիրել է Հայաստանին եւ Արցախին: Գրում է Bravo.am-ը։ 

2020 թվականի դեկտեմբերին «Սթարմուս» գիտության եւ արվեստի միջազգային փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ Կաբալյեի այս ալբոմը վերաթողարկվել է, սակայն Վալենսիայում շնորհանդեսը կայացել է միայն երեկ՝ ապրիլի 24-ին: Կազմակերպիչն Իսպանիայի «Արարատ» հայկական միությունն է։ Միության նախագահ Արարատ Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն պետք է տեղի ունենար դեռեւս 2020-ին, սակայն հետաձգվել է համավարակի պատճառով։

Նրա խոսքով՝ ձայնագրման գործում իր մեծ դերն է ունեցել հայ աստղաֆիզիկոս, գիտնական, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը։

Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի մշակութային ու հոգեւոր հարստությանը: Իր այցի արդյունքում լույս ընծայված ձայնասկավառակը նա անվանել է «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզի»:

Ձայնասկավառակում ներառված են Վանգելիսի եւ «Քուին» խմբից Բրայան Մեյի աշխատանքները: Այն սահմանափակ քանակությամբ թողարկվել էր 2013 թ.-ին: 2013 եւ 2014 թթ. Մոնսերատ Կաբալյեն այցելել է աշխարհի հնագույն եկեղեցիներ եւ վանական համալիրներ: Մեր երկիր կատարած նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:

Այցի ժամանակ երգչուհին ելույթ է ունեցել Երեւանում եւ Ստեփանակերտում ու ձայնագրել մի քանի երգ, որոնց թվում՝ մի քանիսը հայերեն: Կաբալյեն տպավորվել էր Հայաստանում եւ Արցախում տեսածով, հատկապես հնագույն քրիստոնեական հուշարձաններով, ինչպիսիք են Սուրբ Էջմիածնի տաճարը եւ Ամարասը: «Հայաստանը շատ հեռու է գտնվում ինձնից, բայց շատ մոտ է իմ սրտին: Լինելով քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Հայաստանին եւ Արցախին», - ալբոմի թողարկման ժամանակ ասել էր երգչուհին:

Ձայնասկավառակի բացառիկ հրատարակությունը, որը ներառում է CD, DVD եւ blue-ray, թողարկվել եւ ներկայացվել է Փարիզում՝ 2013-ի դեկտեմբերին: Միջոցառմանը ներկա է եղել Շառլ Ազնավուրը եւ նշել․«Մոնսերատ Կաբալյեն զգաց հայ ժողովրդի ոգին ու բացեց ողջ աշխարհի առջեւ»:

Ալբոմը պարունակում է 10 երգ եւ տեսանյութ, որոնց մշակման աշխատանքներին մասնակցել են Վանգելիսը, «Քուին» խմբից Բրայան Մեյը, Լոնդոնի ֆիլհարմոնիկ երաժշտության նվագախումբը, Մոնսերատ Մարտին:

Ձայներիզում տեղ են գտել Կոմիտասի «Կռունկ» ու «Չինար ես» երգերը, որոնք գործիքավորել է Ջոն Մետկեֆը, կատարում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ձայնագրվել է Լոնդոնի «Abbey Road Studios» ստուդիայում: Ալբոմն ընդգրկում է նաեւ Վանգելիսի նոր ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ Մոնսերատ Կաբալյեի համար եւ կոչվում է «La Habanera»: Օպերային աստղն իր ձայնասկավառակի համար ընտրել էր Վանգելիսի եւս մեկ երգ՝ «Like a Dream»՝ որպես հայկական Դադիվանքի մասին պատմող տեսանյութի երաժշտական ուղեկցում:

Ալբոմը եւս մեկ շատ կարեւոր բնութագիր ունի. «Քուին» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ աշխատանքից 25 տարի անց ալբոմի շնորհիվ Մոնսերատ Կաբալյեն «Քուին» խմբից Բրայան Մեյի հետ ձայնագրեց «Is This the World We Created?» երգը: Գործիքավորողն ու պրոդյուսերը Բրայան Մեյն է. տեսանյութը պատմում է հրեաների, հայերի եղեռնի եւ մարդկության դեմ իրականացված այլ ոճրագործությունների մասին:

Հայկական դուդուկի կախարդական հնչյուններն առկա են «Կռունկ», «Չինար ես» եւ «La Habanera» երգերում: Կաբալյեն եւ Վանգելիսը եղել են այդ հին հայկական երաժշտական գործիքի սիրահարներ:

 

  • Կիսվել: