ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վախթանգ Կիկաբիձեի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի միլիոնավոր երկրպագուների սրտերում

Վախթանգ Կիկաբիձեի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի միլիոնավոր երկրպագուների սրտերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու վրաց դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողություններին:

Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Կիկաբիձեն կինոյում նկարահանվել է 1966 թվականից և նույն տարում ընդունվել է «Օրերա» համույթ: Կինոյում նա առաջին անգամ հանդես է եկել ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում:

Բացառիկ հեղինակության և տաղանդի տեր արտիստի արվեստը դարձել է միլիոնավոր մարդկանց ներշնչման, գեղարվեստական վայելքի և լավատեսության առիթ: Հայերի համար նրա կերպարը թանկ էր կրկնակի, քանի որ անբաժանելի էր հայ մեծ արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի կյանքի և ստեղծագործական գործունեության ընթացքից: Կիկաբիձեի ամենահիշվող դերերից Վալիկո Միզինդարի կերպարն է՝ Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում, որն էկրան է բարձրացել 1978 թվականին և արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի:

Արտիստը կյանքից հեռացել է 84 տարեկանում:

  • Կիսվել: