կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահրամ Դումանյանը ԵԿՊԿ պրոֆեսոր Ալինա Փահլևանյանին պարգևատրել է գերատեսչության Ոսկե մեդալով

Վահրամ Դումանյանը ԵԿՊԿ պրոֆեսոր Ալինա Փահլևանյանին պարգևատրել է գերատեսչության Ոսկե մեդալով

Հայ երաժշտարվեստի զարգացման, սերունդների կրթման, դաստիարակման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, բանագիտության ամբիոնի վարիչ Ալինա Փահլևանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ Վաստակաշատ երաժշտագետին պարգևը հանձնել է նախարար Վահրամ Դումանյանը:

«Նախարարությունը բարձր է գնահատում Ձեր հայրենանվեր գործունեությունը, որ տասնյակ տարիներ իրականացնում եք երաժշտագիտության և բանագիտության ոլորտներում: Հանդիսանալով բազմաթիվ մասնագիտական գրքերի, թարգմանությունների հեղինակ` մինչ օրս շարունակում եք մեծագույն սիրով և պրոֆեսիոնալիզմով կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին` չխնայելով ջանք և եռանդ նրանց  մասնագիտական կայացման գործում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ այս պարգևը համեստ գնահատականն է վաստակաշատ մտավորականի կատարած մեծ աշխատանքին:

Նախարարն Ալինա Փահլևանյանին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների առույգ կյանք և ստեղծագործական  արգասաբեր գործունեություն:

Ալինա Փահլևանյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար՝ նշելով, որ ծրագրերը բազմաթիվ են, և  ուժերի ներածին չափով դրանք կիրականացվեն:

«Կոնսերվատորիայում մենք ունենք շատ լավ գիտական ներուժ և ամեն ինչ կանենք ծրագրերը համատեղ իրականացնելու համար: Նշեմ, որ հրատարակում ենք  ժողովրդական երգերի շարք. արդեն 15 հատոր հրատարակվել է, և մենք շարունակում ենք այդ շարքը, քանի որ աշխատանքը երբեք չի կարող կանգնել: Մենք ունենք ժողովրդական երաժշտությամբ,  երաժշտագիտությամբ զբաղվող շատ լավ մասնագետներ, ուսանողներ, առանց որոնց ես կյանք չունեմ: Այդ իսկ պատճառով բոլոր այս հրաշալի մարդկանց հետ ես ինձ զգում եմ այնպես, ինչպես մեր տանը»,- եզրափակել է վաստակաշատ երաժշտագետը:

  • Կիսվել: