ուրբաթ, հուլիս 30
30 / 7 / 2021
Կրթությունն ու մշակույթը՝ մեկ ամբողջություն. աշխատանքային խորհրդակցություն մշակույթի ոլորտը համակարգող աշխատակիցների հետ

Կրթությունն ու մշակույթը՝ մեկ ամբողջություն. աշխատանքային խորհրդակցություն մշակույթի ոլորտը համակարգող աշխատակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Ժամանակակից արվեստի, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունների աշխատակիցների հետ, այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նշյալ ոլորտները համակարգող նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտային առանձնահատկություններին, պետական քաղաքականության մշակմանը, մշակույթի միջոցով հասարակական միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր:

«Մեր նպատակն է մշակույթի և կրթության ճիշտ համադրմամբ և հստակ քայլերով լրացնել հասարակության մշակութային պահանջմունքը, որն այսօր բաց է»,- ասել է նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍՆ մշակույթի ոլորտը համակարգող վարչությունների աշխատակիցները ներկայացրել են իրենց ոլորտների խնդիրները, հուզող հարցերն ու առաջարկները: Քննարկման առանցքում գրադարանային և թանգարանային միջավայրերի բարելավումն էր, արդիականացումն ու դրանք «հասարակական առողջացման» կենտրոններ դարձնելը:

«Գրադարանում պետք է այնպիսի պայմաններ լինեն, որտեղ ընթերցողն ապրի, ժամանակ անցկացնի, իսկ թանգարանն այնտեղ պահվող ժառանգությամբ պետք է սոցիալ-կրթական միջավայր դառնա»,- ընդգծել է Վ. Դումանյանը:

Առանձնակի քննարկվել են թանգարաններում նախատեսված կրթական ծրագրերի պատշաճ իրականացումն ու շարունակականության ապահովումը՝ թիրախավորելով նաև մարզային կենտրոնների ներգրավումը, հուշարձանների պահպանությանն ու դրանց վերականգնմանն առնչվող հարցերը:

Նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել մեր պատմությունն ամբողջականացնող ցաքուցրիվ քանդակների հավաքագրումը և դրանց՝ մեկ վայրում տեղակայումը՝ որպես մշակութային ժառանգություն.

«Այսօր անհայտ է, թե որտեղ է գտնվում Բանվորի արձանը, մինչդեռ այն մի ամբողջ պատմական ժամանակաշրջան է բնորոշել և մշակութային արժեք էր: Ու թեև արձանը չկա, բայց տեղանքը շարունակում է նույն կերպ կոչվել. սա էլ է մշակույթ»:

Անդրադառնալով արվեստի ոլորտին և մատնանշելով արվեստագետների, մտավորականների դերը հասարակության կյանքում՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, կարիք ունեն հոգևոր սննդի: Այս համատեքստում քննարկվել են նաև Ժամանակակից արվեստի թանգարանը, Պատանի հանդիսատեսի թատրոնը ԿԳՄՍ համակարգման ոլորտ ներառելու,  թատերարվեստի որակը բարելավելու, դերասանական կազմի ընտրությանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ավարտին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքները ժամանակին, արդյունավետ ու նպատակային կազմակերպելու և իրականացնելու համար:

  • Կիսվել: