կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի ժայռափոր դամբարան՝ Քասախի կիրճում. այն առաջիկայում մանրամասն կուսումնասիրվի

Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի ժայռափոր դամբարան՝ Քասախի կիրճում. այն առաջիկայում մանրամասն կուսումնասիրվի

Օհանավան գյուղի տարածքում՝ Քասախի կիրճում, հայտնաբերվել է ժայռափոր դամբարան, որն, ըստ մասնագետների նախնական գնահատման, վերագրվում է վաղ քրիստոնեական ժամակաշրջանին։ Այն առաջիկայում մանրամասն կուսումնասիրվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշեց, որ դամբարանը հայտնաբերել է բնակիչներից մեկը իր սեփականությունը հանդիսացող  տարածքում հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում:

«Դամբարանը վաղ քրիստոնեական դարաշրջանի է, ինչը նշանակում է, որ այն մեծ մշակութային արժեք է: Մեր բոլորի, ինչպես նաև ոլորտի մասնագետների համար այն անգնահատելի արժեք ունի»,-ասաց նա:

Վանյանն ընդգծեց, որ առաջիկայում հնագիտական արշավախումբը կսկսի ուսումնասիրությունները:

«Առաջիկայում բազմաթիվ ուսումնասիրություններ կիրականացվեն, զուգահեռներ կտարվեն, կհամադրվեն պատմական սկզբնաղբյուրների հետ, որի  արդյունքում կբացահայտվի դամբարանի իրական պատմական արժեքը»,-ասաց  Հարություն Վանյանը:

Տարածքի առանձնացումը կարևորվում է նաև հայտնաբերված մի շարք հետաքրքիր նմուշներով:

«Հայտնաբերվել են ձիթաճրագներ, տարբեր կավե առարկաներ, որոնք բնակիչն արդեն հանձնել է  համապատասխան կառույցներին: Դրանք կմաքրվեն, կուսումնասիրվեն և կհանձնվեն համապատասխան որևէ թանգարանի: Հույս ունենք, որ պեղումների արդյունքում հետաքրքիր նոր բացահայտումներ կլինեն»,- նշեց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետն ընդգծեց, որ հայտնաբերված դամբարանի տարածքը սեփական է՝ ինչից ելնելով առաջին հերթին կկազմվի նոր հայտնաբերված հուշարձանի վկայագիրը։ Փորձագիտական հանձնաժողովում քննարկումներից հետո հուշարձանը կստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Տարածքի սեփականատիրոջ  հետ  առաջին փուլով կկնքվի համապատասխան  պահպանման պարտավորագիր, որտեղ կամրագրվեն նրա պարտավորությունները, իսկ հաջորդ քայլերը կիրականացվեն  արդեն ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով:

  • Կիսվել: