կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ, որի շրջանակներում ելույթով հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Այս մասին նշված է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացած այս համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի ընթացքում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են նաև Արամ Խաչատրյանի հանրահայտ այլ ստեղծագործություններ, այդ թվում՝  ‹‹Դիմակահանդես››-ի վալսը, ‹‹Զանգեզուրի քայլերգը››, ‹‹Գայանե›› բալետից հատվածներ և այլն:  

ՀՀ դեսպանության հրավերով՝ համերգին ներկա են գտնվել նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության և այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Համերգին հետևած ընդունելության ընթացքում դեսպան Մարիամ Գևորգյանը շնորհակալագրերով է պարգևատրել դաշնակահար Հայկ Մելիքյանին և դիրիժոր Ալվարո Հակոբյանին՝ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունն Ուրուգվայում լավագույնս ներկայացնելու համար:

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս բացառիկ համերգի շրջանակներում ՀՀ դեսպանությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, Սոլիս թատրոնում ներկայացրեց նաև Արամ Խաչատրյանի՝ 1957 թ. Ուրուգվայ կատարած այցի լուսանկարների ցուցահանդես:

  • Կիսվել: