ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում «վերականգնվող» պատմական հուշարձանները կորցնում են նախկին տեսքը․ նման վտանգի առաջ է Վանի բերդը

Թուրքիայում «վերականգնվող» պատմական հուշարձանները կորցնում են նախկին տեսքը․ նման վտանգի առաջ է Վանի բերդը

Թուրքիայում վերականգման անվան տակ նորոգվող պատմական հուշարձանները հաճախ չեն պահպանում իրենց նախկին տեսքը, սակայն մյուս կողմից էլ դրանք, չվերանորոգվելու դեպքում, լիովին քանդվելու վտանգի տակ են։ Այս անգամ նման խնդրի առաջ է կանգնած UNESCO-ի «Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում» ընդգրկված Վանի բերդը։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, ահազանգում է թուրքական «Յենի Յաշամ» պարբերականը, փոխանցում է akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն՝ Վանի բերդը «վերականգնման» ենթարկվելուց հետո կորցրել է իր պատմական տեսքը։ Աղբյուրը նաև հիշեցնում է, որ սույն բերդն ունի 20-120 մ լայնություն, 1800 մ երկարություն և 100 մ բարձրություն։

Աղբյուրը նաև ընդգծում է, որ նման «վերականգնման» զոհ է դարձել ոչ միայն Վանի բերդը, այլ նաև՝ Թուրքիայի տարածքում գտնվող այլ պատմական հուշարձաններ։ Որպես օրինակ՝ մասնավորապես հիշատակվում է պատմական Կիլիկիայում գտնվող, դարձյալ հայկական Անամուրի բերդը։

Հիշեցնենք, որ նաև Վանի միջնաբերդ կամ Վանա ամրոց անուններով հայտնի Վանի բերդը կառուցվել է մ․թ․ա․ 9-ից 7-րդ դարերում, Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում։ Բերդը կառուցվել է Ուրարտուի արքա Սարդուրի I-ը (Ք. ա. 835–825 թթ.): Սակայն, ավանդությունը բերդի կառուցումը վերագրում է Ասորեստանի թագուհի Շամիրամին: Այդ է պատճառը, որ բերդը հաճախ անվանել են Շամիրամակերտ: 1915 թվականի ապրիլին Վանի Քաղաքամեջ թաղամասի բնակչությունը՝ Հայկակ Կոսոյանի գլխավորությամբ, Վանա բերդում շուրջ մեկ ամիս` մինչև հայ կամավորական զորագնդերի և ռուսական զորքի՝ Վան մտնելը դիմադրել են թուրք ջարդարարներին ու փրկվել կոտորածից:

 

  • Կիսվել: