ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են վտանգված մնալ.  ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը զեկույց է ներկայացրել

Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են վտանգված մնալ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը զեկույց է ներկայացրել

ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը զեկույց է հրապարակել՝ նշելով, որ 2021 թ. կրոնական ազատության պայմանները Թուրքիայում շարունակում են մնալ վատ՝ հաշվի առնելով թուրքական կառավարության գործողությունները և հռետորաբանությունը, ինչը շարունակում է խթանել կրոնական փոքրամասնությունների համար քաղաքական թշնամական միջավայրի ստեղծումը:

Զեկույցի հեղինակները նշել են. ՛՛Կառավարության հանդուրժողականությունն ատելության խոսքի և բռնության գործողությունների նկատմամբ խթանել են ահաբեկման նոր ձևերը Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ:

Թուրքիայի կառավարությունը շարունակում է միջամտել կրոնական փոքրամասնությունների ներքին գործերին: 1923-ին Լոզանի պայմանագրից հետո, թուրքական կառավարությունը
ոչ մահմեդական փոքրամասնությունների հավասար իրավունքները մեկնաբանել է այնպես, որ դա
կիրառելի է միայն հայ առաքելական, հույն ուղղափառ և հրեական համայնքների համար, սակայն առանց իրավական կարգավիճակի տրամադրման՛՛:

Զեկույցի հեղինակները նաև ընդգծում են, որ Թուրքիայում առկա են վանդալիզմի և ատելության խոսքի գործողություններ՝ ներառյալ լեզվական արտահայտություններն օգտագործվում է բռնություն հրահրելու համար՝ կասկածի տակ դնելով համայնքի՝ այդ երկրում ապրելու իրավունքները, մահվան սպառնալիքները, պետական պաշտոնյաների հռետորաբանությունը՝ ուղղված կրոնականներին, փոքրամասնությունների համայնքներին:

Ինչ վերաբերում է հայկական կրոնական ժառանգությանը՝ զեկույցում ասվում է. ՛՛Հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են մնալ վտանգի տակ. 2021 թվականի սկզբին Սուրբ Թորոս հայկական եկեղեցին Քյութահայում քանդվել է, երբ անցել է անհայտ անձի սեփականության ներքո՝ չնայած նրան, որ ունեցել է պահպանվող օբյեկտի կարգավիճակ: Օգոստոսին բուլդոզերներն ավիրել են Վանի նահանգում հայկական գերեզմանատունը՛՛:

Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ թուրքական կառավարությունը հաճախ չի կարողանում դադարեցնել շինարարական ծրագրերը, որոնք սպառնում են գերեզմանատներին, օրինակ՝ 2021 թվականի մարտին ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանական հարցում է ներկայացրել, թե ինչու կառավարությունը չի դադարեցրել պետական բանկի շինարարությունն Անկարայի պատմական կենտրոնում՝ հայկական գերեզմանատան տեղում:

Եզրափակելով զեկույցը՝ հեղինակները նշել են. ՛՛Իսկապես՝ COVID-19 համավարակը և 2020 թվականի նոյեմբերի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դարձել են հակահայկական դավադրությունների ու մեղադրանքների, ինչպես նաև հակահայկական բողոքի ակցիաների պատճառ՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: