չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքերը Կեսարիայի հին հայկական թաղամասում ապօրինի շինարարություն են իրականացնում

Թուրքերը Կեսարիայի հին հայկական թաղամասում ապօրինի շինարարություն են իրականացնում

Կեսարիայի (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Կայսերի) Մելիքգազի գավառի Թավլուսուն թաղամասում, որտեղ նախկինում հայեր և հույներ են ապրել, սկսել են ապօրինի շինություններ կառուցել։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Թավլուսուն թաղամասում 1800-ական թվականներին բնակվել են թուրքեր, հայեր ու հույներ։ Թուրքական աղբյուրը փորձում է մոլորեցնել իր ընթերցողներին՝ նշելով, թե «հայերն ու հույներն» այստեղից հեռացել են «բնակչության փոխանակման» պայմանագրից հետո։ Մինչդեռ, ինչպես հայտնի է, հայ բնակչությունը, ի տարբերություն հույն բնակչության, Կեսարիայից վերացել է Հայոց ցեղասպանության հետևանքով։ Սակայն ներկայում այստեղ պահպանվել են հայերից և հույներից մնացած պատմական կառույցներ։ Այս թաղամասը պահպանման ենթակա տարածք է հայտարարվել, սակայն վերջերս թուրքերն այստեղ սկսել են ապօրինի կառուցապատումներ անել։

Թավլուսունի թաղապետ Մեհմեդ Յըլմազը «Դողան» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ պատմական կառույցները վնասվում և թալանվում են, և որ իրենք երբեմն այդ մասին ծանուցում են ոստիկանությանը։ Այնուամենայնիվ, Մեհմեդ Յըլմազի խոսքով, այստեղի պատմական շինությունները շարունակում են ավերվել, և նոր ապօրինի կառույցներ հայտնվել, որի պատճառով իրենք պահանջում են արգելել նման շինությունների կառուցումը։

  • Կիսվել: