ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024

«Թումոյի» այգում սեպտեմբերի 12–ից 15–ը ևս մեկ մասշտաբային մշակութային նախագիծ կիրականացվի

 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերախումբը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացօթյա այգում կրկին հանդես կգա ներկայացումներով։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Թումոյի» այգում սեպտեմբերի 12–ից 15–ը կիրականացվի ևս մեկ մասշտաբային մշակութային նախագիծ։ Կազմվել է օպերային ներկայացումների ծրագիրը, տարվում են համապատասխան աշխատանքներ տեղանքի կազմակերպման, բեմական, տեխնիկական ենթակառուցվածքների մոնտաժման գործընթացի իրականացման նպատակով»,–ասաց Սարգսյանը։

Երևանի բնակիչների համար անվճար հիմունքներով կցուցադրվեն Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի երգացանկային ներկայացումները։ Նախագիծը կեզրափակվի Օպերա գալա համերգով` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ։

  • Կիսվել: