«Տիգրանակերտի ինքնության անձնագիրը քննարկման ենթակա չէ». ԱՀ ԿԳՄ նախարար
Տիգրանակերտի պեղման աշխատանքները կատարվում են միջազգային չափանիշներին համապատասխան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ պատասխանելով հնչեցված հարցին այն մասին, որ հարևան Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Տիգրանակերտի պեղումների արդյունքում գտածոների հայկական լինելը:
Նա նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը չխանգարեց պեղումների ընթացքին:
Նախարարի խոսքով՝ Տիգրանակերտի պեղումների յուրաքանչյուր տարվա արդյունքները ներկայացվում են միջազգային մակարդակի ամսագրերում, հանդեսներում և միջազգային գիտաժողովներում:

«Հարևան Ադրբեջանի ոճի մեջ է ո՛չ գիտական, ո՛չ փորձագիտական և ո՛չ էլ պրոֆեսիոնալ մակարդակով նյութեր ներկայացնելը: Անվիճելի է, որ Տիգրանակերտի ինքնությունը հայկական է: Տիգրանակերտի ինքնության անձնագիրը քննարկման ենթակա չէ: Մենք Տիգրանակերտը դարձնելու ենք թանգարան բաց երկնքի տակ և աշխարհի ուշադրությունը սևեռելու ենք Տիգրանակերտի վրա, որքան էլ դա զայրացնի մեր հարևաններին: Տիգրանակերտը չեզոքացնում է Ադրբեջանի քաղաքական բնույթի բոլոր ավանդազրույցները: Այնտեղ մենք զգում ենք վաղ քրիստոնեական, անտիկ շրջանները»,- մասնավորապես ասել է նախարարը: