երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ժամանակի անիվը». առաջին անգամ Հայաստանում՝ շերտակտավների ցուցահանդես

«Ժամանակի անիվը». առաջին անգամ Հայաստանում՝ շերտակտավների ցուցահանդես

Նոյեմբերի 9-ին, ժամը 17:00 Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանում կբացվի Մոնի Հովսեփյանի՝ գրաֆիկ նկարչի և Հայաստանի միակ քվիլթի (շերտակտավի) վարպետի անհատական ցուցահանդեսը՝ «Ժամանակի անիվը»։ Առաջին անգամ ցուցադրվելու է 10 տարվա ընթացքում ստեղծված շերտակտավներ, որոնցից մեկը՝ «Երախտագիտություն՝ դարի երկայնքով» շերտակտավը ցուցահանդեսից հետո կուղևորվի Նորվեգիա՝ Լիսակեր քաղաք, որպես ընծա հեղինակի կողմից Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտին:

 Շերտակտավը ստեղծվել է 1922 թվականին Ժնևի կոնֆերանսում Ֆրիտյոֆ Նանսենի նախաձեռնությամբ հաստատված Նանսենի անձնագրերի 100-ամյակի հիշատակին, որի շնորհիվ Ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած 320000 հայեր կարողացան աշխարհի 54 երկրում քաղաքացիություն ստանալ (դրանց թվում՝ շանսոնյե Շառլ Ազնավուրի, գրող Անտոնիա Արսլանի, գործարար Էդուարդո Էռնեկյանի ծնողները և այլք)։  

Մոնի Հովսեփյանը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, սակայն նկարչուհու մտքով ստեղծված հորինվածքներն ավելի վառ ու նյութական լուծումներ էին պահանջում։ Հայկական հարուստ մշակույթի բազում խորհրդանիշները ու կերպարները՝ հնարավորություն են ստանում ծնունդ առնելու նոր մեկնաբանությամբ՝ քվիլտի (շերտակտավի) եռաչափ ու չափազանց խոսուն մակերեսները Մոնիի համար ամենագտնված և ցանկալի լուծումն են դառնում։

Դասական քվիլտը նրա ձեռքի տակ հարստանում է նաև ասեղնագործությամբ, տպագրությամբ և կենդանի վրձնահարվածներով։

  • Կիսվել: