ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից՝ քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներկայացված առաջարկությունները: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել միջոցառումների ձևաչափերի, ժամանակացույցի և կազմակերպչական այլ հարցերի շուրջ:

Հանձնաժողովի նիստին ներկայացվել է նաև «Ազնավուր» հիմնադրամի հոբելյանական միջոցառումների ցանկը: Ինչպես նշել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, այն մշակվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններրի, մշակութային տարբեր կազմակերպությունների, հանրային կառույցների, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների հետ սերտ համագործակցության արդյունքում: Նշվել է, որ հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին և արվելու է հնարավորը՝ ողջ տարվա ընթացքում Ազնավուրի արվեստի շունչը զգալու համար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ մայրաքաղաքում և մարզերում, մասնավորապես՝ պաստառների տպագրություն, համերգներ, թատերական ներկայացում, փոստային նամականիշների մարում, գրքի տպագրություն, ֆիլմերի ցուցադրություն, ձայնագրություններ, լուսանկարների ցուցադրություն և այլն: Նշվել է նաև, որ ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու հարցում:

Արայիկ Հարությունյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ և ընդգծել Շառլ Ազնավուրի հոբելյանական տարին սահուն, հարթ և պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Այդ համատեքստում Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների հետևողական, արդյունավետ, համակարգված աշխատանքը:

 

  • Կիսվել: