երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը

Տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը։

Միջոցառումներին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և եվրոպական մի շարք երկրների դեսպաններ։

Ծրագրի շրջանակում անցկացվել է «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը։

Փառատոնի շրջանակում ՀՀ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիներ, իրանցիներ, ասորիներ, լեհեր, հայկական «Վարք հայոց», «Մասունք» ավանդական երգի-պարի խմբերը թե՛ առանձին տաղավարներում, թե՛ համապատասխան հարթակներում, ներկայացրել են ազգային խաղերը և դրանց առանձնահատկությունները, կազմակերպել խաղ-մրցույթներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հետևել են խաղերին, շրջել տաղավարներում։ Նախարարը հետաքրքրվել է դրանց պատմությամբ, ծագմամբ և զարգացմամբ։

Ժաննա Անդրեասյանը դրական է գնահատել Եվրոպական ժառանգության օրերին ազգային ավանդական խաղերի անցկացումը՝ ընդգծելով դրանք հանրային ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու, մասսայականացնելու անհրաժեշտությունը՝ առանձին փառատոների կազմակերպմամբ։

Նախարարն այցելել է նաև թանգարան, ծանոթացել պայմաններին և խնդիրներին, տեղում քննարկել հնարավոր լուծումները։ Նշենք, որ պետական աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է թանգարանի վնասված տանիքը։

Երեկոն ամփոփվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «ԽԱՂ» ներկայացմամբ։

  • Կիսվել: