կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ճապոնացի վիրտուոզը հայկական բեմի վրա

Ճապոնացի վիրտուոզը հայկական բեմի վրա

Սեպտեմբերի 13-ին նա կդառնա 35 տարեկան։ Նրա անունն է Նոբույուկի Ցուջիի, եւ որքան էլ դժվար լինի հիշել ճապոնական այդ անունը, այն հավերժ մնում է հիշողության մեջ համերգից հետո, որը կայացավ սեպտեմբերի 11-ին Արամ Խաչատուրյան համերգասրահում։

Նոբույուկին սկսեց համերգը Բեթհովենի <<Լուսնի սոնատով>>։ Այնուհետեւ հաջորդեցին Լիստը, Ռավելը եւ Կապուստինը։ Դահլիճը ունկնդրում էր շունչը պահած եւ ավարտին ճայթում բուռն ծափողջույններով։ Եւ այդպես է լինում ամենուր, որտեղ որ նա ելույթ է ունենում։

Սկզբից մարդիկ զարմանում են, ինչպե՞ս է նա նվագում՝ չտեսնելով դաշնամուրի ստեղները, բայց Նոբույուկին չգիտի, ինչ բան է տեսնել, նա ի ծնէ կույր է եղել, տեսնում են նրա մատները․ հենց որ մատները դիպչում են ստեղներին, ի հայտ է գալիս երաժշտություն, որը տարբերվում է մյուս բոլոր կատարումներից, որոնք մինչ այդ մենք լսել էինք։

Դահլիճում սկսում է տիրել երաժշտությունը որպես մի տարերք՝ քնքույշ եւ անզուսպ, որը գալիս է իր էության խորքերից եւ այնքան գերում ունկդրին, որ նա ուզում է անդադար լսել Նոբույուկիին․․․Մնում է միայն խոնարհվել <<Երեւանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչների առաջ, որոնք հաղորդակից են դարձնում հայ հանդիստեսին ժամանակակից երաժշտական աշխարհի ականավոր վարպետների գործունեությանը։

  • Կիսվել: