հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թատրոնների ֆինանսավորման մոդելը փոխվում է. նրանք կֆինանսավորվեն նախորդ տարվա իրենց եկամուտների կրկնակի չափով

Թատրոնների ֆինանսավորման մոդելը փոխվում է. նրանք կֆինանսավորվեն նախորդ տարվա իրենց եկամուտների կրկնակի չափով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց փոփոխել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման մոդելը: Նոր մոդելով կազմակերպությունը պետք է ֆինանսավորվի այն գումարի կրկնակիի չափով, որքան որ ինքը նախորդ տարվա ընթացքում աշխատել է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում, ըստ որի ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակիի չափով։

Սակայն պարզվել է, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնը փաստացի գերազանցել է իր պլանավորած տարեկան եկամուտի չափը, մինչդեռ պետության կողմից հատկացվող ֆինանսավորման գումարի չափը համապատասխանում է կազմակերպության կանխատեսվող գումարի չափին։Հետևաբար, պետության պարտավորությունը՝ կրկնապատկելու ֆինանսավորումը, դառնում է ոչ լիարժեք, քանի որ տվյալ կազմակերպությանը փաստացի հատկացվում է ավելի պակաս գումար, քան վերջինս ձևավորել է տարվա ընթացքում: 

2024թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։

Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2025թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»և «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թվականին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:

  • Կիսվել: