հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թանգարաններն ու գրադարաններն ակտիվորեն միացել են վիրտուալ աշխարհին. Նարինե Խաչատուրյան

Թանգարաններն ու գրադարաններն ակտիվորեն միացել են վիրտուալ աշխարհին. Նարինե Խաչատուրյան

Թանգարաններն ու գրադարանները շատ ակտիվորեն միացել են վիրտուալ աշխարհին,եւ բոլորը հետաքրքիր ծրագրեր են ներկայացնում։ Այս մասին այսօր Պարետատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

 «Շատ լավ է, որ ստեղծված է մի ընդհանրական հարթակ, որի միջոցով բոլորը կարող են մեկ տեղ ներկայանալ։ Այս 1–2 օրվա պատմությունը ցույց տվեց, որ այդպես արդյունավետ է։ Մի քանի հեշթեգներ կան, որոնցով կարող եք գտնել այդ ծրագրերը՝ «Տանը մնա», «Թանգարանը կգա տուն», «Տնից թանգարան», «Միջթանգարանային համագործակցություն» եւ այլն»,-ասաց նա:

Խաչատուրյանը վստահեցրեց, որ թե՛ տարիքային, թե՛ սոցիալական տարբեր շերտերի համար հատուկ ծրագրեր են մշակվում:

Այդ առնչությամբ նա ասաց. «Թե վիրտուալ թանգարանների, թե վիրտուալ ընթերցանության բազմազան ծրագրերից զատ, նաեւ կան ծրագրեր, որոնք դեռ փորձարկված չեն, բայց անպատճառ կլինեն։ Օրինակ՝ սփյուռքահայերի համար արեւմտահայերենով ծրագրեր կլինեն։ Հատուկ ծրագիր ենք մշակել, որն առաջին անգամ կփորձարկենք Դիլիջանում մեկուսացած մեր հայրենակիցների համար, շատ հետաքրքիր եւ ոգեւորիչ կլինի կարծում եմ»։

  • Կիսվել: