կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուրեն Սաֆարյանը Նկարիչների միության նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն է հայտնել

Սուրեն Սաֆարյանը Նկարիչների միության նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն է հայտնել

Հայաստանի նկարիչների միության ներկայիս նախագահ Սուրեն Սաֆարյանը, որն իր պարտավորությունները ստանձնել է 2018 թվականին, ցանկանում է նախագահի իր թեկնածությունն առաջադրել 2022-ին կայանալիք ընտրություններին:Այս մասին Սաֆարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

Դիմելով Հայաստանի նկարիչների միության անդամներին՝ նա հիշեցրել է, որ մոտենում է ՀՆՄ 20-րդ համագումարը, որը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Կինոյի տանը: Համագումարին տեղի կունենա միության նախագահի ընտրությունը:

«Մեր թիմը, ի դեմս իմ թեկնածության, կրկին ցանկություն է հայտնել առաջադրվելու: Այս 4 տարվա ընթացքում մենք աշխատել ենք բոլորիս երազած միությունը տեսնելու գործուն քայլերի ուղղությամբ։ Դեռ շատ աշխատանք կա անելու. վերընտրվելու դեպքում նորից պատրաստ ենք ի գործ տրվելու մի կառույցի, որն ստեղծվել է մեր հայ երևելիների կողմից, և մենք պարտավոր ենք պահել, պահպանել այն հիմնարար արժեքները, որոնք նրանք փոխանցել են մեզ»,-նշել է Սաֆարյանը:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նա ընդգծել է, որ նպատակ ունեն միջազգային մշակութային ասպարեզում ավելի տեսանելի դարձնել Միությունը, կառույցի մարզային մասնաճյուղերի միջոցով իրականացնել տարբեր նախագծեր մարզային մշակութային կյանքի զարգացման և ակտիվացման համար, Հայաստանում գործող միջազգային կառույցների հետ համատեղ իրականացնել մշակութային նախագծեր, աջակցել ՀՆՄ հարկի տակ ՀՆՄ անդամների ցուցահանդեսների կազմակերպչական և տպագրական աշխատանքներին, անվճար ստեղծագործական հավաքներ կազմակերպել ՀՆՄ անդամների համար։

Առաջիկայում կայանալիք համագումարին միության նախագահի միակ թեկնածուն առայժմ Սուրեն Սաֆարյանն է:

  • Կիսվել: