Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը
Այսօր՝ հունիսի 15-ին, մայրաքաղաքի պատկերասրահում բացվել է «Քոչարյան» արտ ստուդիայի սաների հաշվետու ցուցահանդեսը, որը կրում է «Սովորենք արվեստի գիտությունը և գիտության արվեստը» խորագիրը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ստուդիայի սաների արդեն երկրորդ տարին կազմակերպվող հաշվետու ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը պաշտոնատար այլ անձինք:

ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ողջույնի իր խոսքում բարձր է գնահատել ստուդիայի հիմնադիր-տնօրեն Լիանա Քոչարյանի գործունեությունը:


Նրա խոսքով՝ ստուդիայի շրջանակներում նկարչուհի Լիանա Քոչարյանի գործունեությունը յուրօրինակ փորձություն է, քանի որ այստեղ նա հանդես է գալիս արդեն որպես ուսուցանող ու մանկավարժ:
Արվեստաբան Լուսինե Գասպարյանը «Քոչարյան» արտ ստուդիան բնութագրել է որպես գեղեցիկը տեսնելու, ընկալելու, ակադեմիական նկարչության դասեր առնելու, սովորելու յուրօրինակ հարթակ:


Շնորհակալություն հայտնելով ներկաներին ջերմ խոսքի համար, Լիանա Քոչարյանն ընդգծել է, որ սաներին ստուդիայում սովորում են նկարչության քերականությունը:
«Մեր սաների աշխատանքները կարող են նման լինել, սակայն՝ չկրկնվող: Յուրաքանչյուրը, լսելով իմ ուսուցողական խոսքը, յուրովի է կատարում աշխատանքը՝ իր զգացմունքներին ու կարողություններին համապատասխան»,-հավելել է նա:

Հիմնադիր տնօրենը ավարտական հավաստագրեր է հանձնել 13 սանի:
Ստուդիայի շրջանավարտ Աննա-Մարիա Աղաբալյանը հստակ նախանշել է իր ապագա մասնագիտությունը. ուզում է գրաֆիկ դիզայներ դառնալ։
Մասնագիտական կողմորոշման հարցում իրեն օգնել է ստուդիա հաճախելը:


«Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների հաշվետու ցուցահանդեսը Ստեփանակերտի պատկերասրահում բաց կլինի ավելի քան 10 օր: