հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ստեղծվել են Շառլ Ազնավուրին ու Ավրորա Մարդիգանյանին նվիրված կոմիքս գրքեր

Ստեղծվել են Շառլ Ազնավուրին ու Ավրորա Մարդիգանյանին նվիրված կոմիքս գրքեր

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին և Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքեր են ստեղծվել: 

«Շառլ» փոքրիկ գիրքը պատմում է ֆրանսահայ անվանի արտիստ Շառլ Ազնավուրի մասին։ Այս գրքի գաղափարը ծնվել է  դեռ նախորդ տարի, երբ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները Դիլիջանի ձմեռային տոնավաճառում ծանոթացել են «Իմ փոքրիկ գիրքը» շարքի առաջին գրքերին։ Հանդիպումից ու նրանց արձագանքից ոգեշնչված՝ «Էյջ Ուայ փիքչըրս» ընկերությունը շուրջ մեկ տարի աշխատել է այս գրքի վրա և՝ համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, ունեցավ ցանկալի արդյունք։

Ընկերությունից հայտնում են, որ գրքում պատկերված են դրվագներ երգչի մանկությունից. այն մասին, թե ինչպես նա ընդունվեց մանկապատանեկան թատրոն, ինչպես նաև տեսարաններ ֆիլմերի նկարահանումներից և Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը, որը շրջադարձային եղավ Ազնավուրի կյանքում։ Փոքրիկ ընթերցողը կճանաչի Շառլին որպես փոքրիկ տղա, որը կարողացավ հաղթահարել բազում դժվարություններ ու դարձավ հանրահայտ արտիստ և մեծ բարերար։

«Ավրորա» փոքրիկ գիրքն էլ ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարդիգանյանի մասին է, ում վիճակված էր դառնալ Հոլիվուդյան համր կինոյի առաջին հայազգի կինոաստղը։ Ավրորայի ճակատագիրը հեշտ չէր, ու գրքի հեղինակներն էլ չեն խուսափում փոքրիկ ընթերցողիհ հետ՝ մատչելի լեզվով, խոսել կորուստի ու դժվարությունների մասին։ Փոքրիկ ընթերցողին գրքի հերոսները կոգեշնչեն հենց այդ դժվարությունները  հաղթահարելու իրենց խիզախությամբ ու անկոտրում կամքով։

«Շառլ» և «Ավրորա» գրքերի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 17:00 Գրանդ հոթել Երևան հյուրանոցում:

2018-ի դեկտեմբերին հայաստանյան կոմիքս արտադրող «Էյջ Ուայ փիքչըրս» ընկերությունը ներկայացել էր  ամենափոքրիկ ընթերցողների համար նախատեսված կոմիքս գրքերի նոր շարքով։ «Իմ փոքրիկ գիրքը» շարքը նախատեսված է 3+ տարիքի ընթերցողների համար։ Գունագեղ պատկերապատումների միջոցով փոքրիկ ընթերցողները ճանաչում են հայ մեծերին։ Առաջին երկու փոքրիկ գրքերն էին «Լուսինեն» և «Վիկտորը», որոնք պատմում էին հայ հոգևոր երգի ամենահայտնի երգչուհու՝ Լուսինե Զաքարյանի, և աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին։

  • Կիսվել: