ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի. ՌԴ խաղաղապահը՝ Դադիվանքի մասին

Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի. ՌԴ խաղաղապահը՝ Դադիվանքի մասին

Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այնտեղ գտնվող Դադիվանքը մնալու է ռուս խաղաղապահների առանձին դասակի պաշտպանության տակ:

՛՛Կոմերսանտի՛՛ հետ զրույցում դասակի հրամանատարը, որն ասաց, առանց թույլտվության չի կարող հայտնել իր անունը, խոսել է Դադիվանքի ապագայի և պաշտպանության մասին: Նա նշել է, որ իրենց ստորաբաժանումն ընդգրկված է ՌԴ խաղաղապահական ուժերի կազմում:

Հրամանատարը, մասնավորապես, ասել է. ՛՛Այստեղ ենք գտնվում նոյեմբերի 14-ից: Ծառայություն ենք իրականացնում և զբաղվում առօրյա կյանքով: Դիտակետեր ենք ստեղծել վանքի շուրջ գտնվող առանցքային կետերում: Մեր առաջադրանքը, առաջին հերթին, ավերածություններ, կողոպուտ, վանդալիզմի դրսևորումներ և սադրանքներ թույլ չտալն է՛՛:

Ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենց առաջադրանքն է՝ համագործակցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք պետք է ժամանեն տարածքների փոխանցման համար. ՛՛Մեր առաջադրանքը նրանց հետ համագործակցելն է: Եթե այստեղ հայ բնակիչներ մնան, մեր խնդիրը նրանց օգնելն է՛՛:

Խոսելով այն մասին, թե հետագայում հնարավոր կլինի՞ ուխտագնացություն կազմակերպել դեպի վանական համալիր՝ նա ասել է. ՛՛Ես կասեմ իմ անձնական կարծիքը, որը, գուցե, տարբերվում է հրամանատարության դիրքորոշումից: Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի: Եվ ուխտագնացների համար հասանելիություն պետք է ապահովվի: Թե ինչպես դա պետք է տեղի ունենա, բարձրաստիճան անձանց բանակցությունների խնդիրն է՛՛:

  • Կիսվել: