երկուշաբթի, մարտ 1
1 / 3 / 2021
Սոպրանո Գոհար Հակոբյանը Մինսկում կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Սոպրանո Գոհար Հակոբյանը Մինսկում կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Ճանաչված սոպրանո Գոհար Հակոբյանը մենահամերգով հանդես կգա Մինսկում՝ ներկայացնելով ոչ միայն արտասահմանցի, այլև հայ կոմպոզիտորների գործեր, գրում է panorama.am-ը:

Փետրվարի 27-ին Մինսկի Верхний город համերգասրահում կկայանա «Երաժշտության հանդեպ սրբազան սեր» խորագիրը կրող համերգը, որին կհնչեն Կոմիտասի, Բաբաջանյանի, Ավետիսյանի, Բելինիի, Պուչինիի, Դոնիցետիի, Շուբերտի, Պուլենկի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Տարածված հաղորդագրության համաձայն, համերգի ընթացքում սոպրանոյին կնվագակցեն պրոֆեսիոնալ երաժիշտներ, բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրներ:

Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Музыка души» խորագիրը, և անցավ մեծ հաջողությամբ:

2018 թ. դեկտեմբերին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Գոհար Հակոբյանը հանրությանը ներկայացրել էր իր «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է:

 

  • Կիսվել: