երկուշաբթի, դեկտեմբեր 4
4 / 12 / 2023
Սոպրանո Գոհար Հակոբյանը երկրպագուներին է ներկայացրել իր «Ave-Maria» ստեղծագործությունը

Սոպրանո Գոհար Հակոբյանը երկրպագուներին է ներկայացրել իր «Ave-Maria» ստեղծագործությունը

Սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանը (Բելառուս) ներկայացրել է իր «Ave-Maria» ստեղծագործությունը։ Այն հեղինակել է կոմպոզիտոր Դավիթ Բադալյանը, իսկ մշակումն ու գործիքավորումն իրականացրել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Զարիֆյանը։

Երաժշտությունը Բադալյանը գրել է դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին։ Գաղափարն իրականություն դառնալու ճանապարհին նրան օգնել է Նարինե Զարիֆյանը, իսկ այն «Ave-Maria» անվանելը Գոհար Հակոբյանի գաղափարն էր: Նա է տեքստի հեղինակը։

«Երգում էի մեղեդին, երբ ստենդի վրա նկատեցի «Ավե Մարիա» ժողովածուն և իմպրովիզ անելով, մեղեդու հետ համադրելով աղոթքի լատիներեն տեքստը՝ նկատեցի, որ ամեն ինչ այնքան համահունչ միաձուլվեց, որ այլ տեքստ այլևս հնարավոր չէր պատկերացնել։ Ստեղծագործությունն ունի խորը իմաստ։ Այն պատմում է այն մասին, որ անկախ նրանից, թե որքան դժվար է ամեն ինչ հիմա, ավելի լավ օրեր, անշուշտ, կգան: Պետք է միշտ հիշել, որ ամենակարևորը, որ չպետք է կորցնենք, հավատն է, հույսն ու սերը...»,-նշում է Գոհար Հակոբյանը։

«Ave-Maria»-ն ձայնագրվել է Բելառուսի Հանրապետության նախագահական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների հետ։ Երգի հիման վրա Բելառուսում նկարահանվել է հոլովակ, իսկ մոնտաժային և գունամշակման աշխատանքներն իրականացրել են Երևանում։

Հոլովակը նոյեմբերի 21-ից հասանելի է համացանցում։ Այն մեզ տանում է լքված գոթական շենք, որտեղ ամեն ինչ մութ է և մառախուղ։ Պատմողը (երգիչը) մեզ կներկայացնի մի աղջկա պատմություն, որը կորցրել է իր մուսան (երազանքը): Այրվող նոտաների (անհայտ) մոխրի միջով հերոսուհին տեսնում է լույսը (հույսը), որը նրան տանում է եդեմի պարտեզ, (աշխարհ, որտեղ չկա պատերազմ), որտեղ ամեն ինչ ծաղկում և իմաստ է ստանում: Ամբողջ տեսահոլովակի խորհրդանիշը թիթեռն է, որը հայտնվում է ավարտին։ Թիթեռը խորհրդանշում է վերածնունդը և նոր, անհայտ, բայց գեղեցիկ բանի սկիզբը:

1 (2).jpg (95 KB)

 

1 (4).jpg (63 KB)

  • Կիսվել: