ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սիվրիհիսար գյուղի 1500-ամյա հայկական եկեղեցի այցելուների թիվը բավականին մեծ է

Սիվրիհիսար գյուղի 1500-ամյա հայկական եկեղեցի այցելուների թիվը բավականին մեծ է

5-րդ կամ 6-րդ դարերում Կապադովկիայում (Գամիրք) Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով կառուցված Քըզըլ (Կարմիր) հայկական եկեղեցի այցելուների թիվը շարունակում է մեծ մնալ։ Կապադովկիայի գանձերից մեկը եղող սույն եկեղեցին գտնվում է Աքսարայի նահանգի Գյուզելյուրթ գավառի Սիվրիհիսար գյուղում։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Հաբերթյուրք» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ եկեղեցին Կարմիր է կոչվել՝ այդ գույնի քարերով կառուցված լինելու պատճառով։ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի կողմից 2008 թ․ «Անհետացման ամենամեծ վտանգի տակ գտնվող աշխարհի 100 պատմական հուշարձանների ցանկում» ներառված սույն հայկական եկեղեցին սկսել է վերակառուցվել 2011 թ․։ Վերանորոգման աշխատանքները ներկայում շարունակվում են։

Հայկական եկեղեցու մասին թուրքական լրատվամիջոցի թղթակցին տեղեկություններ հաղորդած Աքսարայի նահանգապետ Համզա Այդողդուն նշել է, թե Սուրբ Գրիգորը Լուսավորիչը հենց այստեղ է անցկացրել կյանքի վերջին տարիները, և որ Քըզըլ եկեղեցին ամենահին քրիստոնյա տաճարներից մեկն է։ Նահանգապետը հավելել է, որ եկեղեցին այցելուների պակաս չի զգում, և որ հատկապես ամառային ամիսներին շուրջ 600 հազարից ավել զբոսաշրջիկ է այցելում այստեղ։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե Քըզըլ եկեղեցին շարունակաբար ենթարկվում է գանձագողերի ավերումներին։ Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում էին, թե եկեղեցին դարձել է գանձ որոնողների հանդիպման վայր, ովքեր մինչև իսկ ներկերով գրություններ են թողել կառույցի պատերին։

 

  • Կիսվել: