հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շուտով Թբիլիսիի հայկական թատրոնը նորակառույց շենքում կընդունի իր հանդիսատեսին

Շուտով Թբիլիսիի հայկական թատրոնը նորակառույց շենքում կընդունի իր հանդիսատեսին

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը նորակառույց շենքում իր հանդիսատեսին կընդունի՝ կամ մայիսին, կամ սեպտեմբերին:

Թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Արմեն Բայանդուրյանը JNEWS-ի հետ զրույցում ասաց.

«Մենք մտել ենք շենք, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ներքին հարդարման աշխատանքներ են տարվում: Դերասանական կազմը փորձեր է անում, այսինքն՝ թատերախումբը վերադարձել է տուն, պատրաստվում ենք բացմանը, եթե մայիսին չհասցրեցինք, ապա սեպտեմբերին կանենք: Իհարկե, ներկայացումներ լինում են, օրինակ. նոր տարվա ներկայացումներ ենք խաղում Քվեմո Քարթլիում, պատրաստվում ենք մանկական ներկայացումով Ախալցիխեի հանդիսատեսին ներկայանալ, Հայաստանում ենք եղել, իսկ մարտին պատրաստվում ենք Հնդկաստանում թատերական փառատոնին մասնակցել»:

Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 167 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1856-ին։ Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1936-ից: 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվել Ստեփան Շահումյանի անվամբ, սակայն 1991-ին թատրոնը վերանվանվել է, և մինչև օրս հանդես է գալիս որպես Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն անվամբ:

Նշենք, որ թատրոնի շենքի վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Քարթու» հիմնադրամի միջոցներով, որը պատկանում է Բիձինա Իվանիշվիլին: «Քարթու» հիմնադրամը հանրապետությունում շուրջ 900 հուշարձան է վերանորոգել:

  • Կիսվել: