հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շրջիկ երաժիշտների գործունեությունը կսահմանափակվի. չափորոշիչները կսահմանեն համայնքների ավագանիները

Շրջիկ երաժիշտների գործունեությունը կսահմանափակվի. չափորոշիչները կսահմանեն համայնքների ավագանիները

Մենք ցանկանում ենք կանոնակարգել հանրային բացօթյա վայրերում՝ փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և նմանատիպ վայրերում մշակութային գործունեության իրականացումը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժշտական գործիքներով կատարումներին, երգերին, ամենատարբեր տիպի գործունեությանը, որին մենք ականատես ենք լինում՝ հատկապես Երևանում: Այս մասին այսօր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Տերտերյանը նշեց, որ այս գործունեությունը հաճախ անհարմարություն է պատճառում հարակից շենքերի բնակիչներին և ոչ միայն, ընդհանուր առամբ, ձևավորում է մթնոլորտ, ճաշակ, տպավորություն. «Այս կապակցությամբ մենք առաջարկում ենք, որ Երևանում և համայնքներում այսուհետ այդ գործունեության օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանեն համայնքների ավագանիները: Կախված համայնքի և բնակավայրի առանձնահատկություններից, կսահմանվեն ընդհանուր պայմաններ, կանոններ, որոնք կվերահսկվեն և, բնականաբար, այդ վերահսկողության շրջանակում էլ կսահմանվեն վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր՝ մի դեպքում հարյուրապատիկի, իսկ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով: Նախատեսվում է նաև անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավումը, որոնք այդ խախտումները կատարելու գործիք են համարվել: Մենք սրանով իսկ կկանոնակարգենք մի կարևոր ոլորտ»:

  • Կիսվել: