ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Շողակաթ» հեռուստաալիքի գործունեությանը վերաբերող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

«Շողակաթ» հեռուստաալիքի գործունեությանը վերաբերող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը երեքից դարձնել երկու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը:

Քննարկման ընթացքում Թագուհի Ղազարյանն ընդգծել էր, որ նախորդ տարիներին հանրային հեռարձակողներից մեկի՝ «Շողակաթ» հեռուստաալիքի հետ, պետությունը մեկ անձից գնումների եղանակով շուրջ 3 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել առանց մրցույթի, սակայն այդ միջոցները կարող են ավելի նպատակային ծախսվել:

Նախագծի հեղինակների խոսքով՝ նոր կարգավորումները հնարավորություն կտան, որ կրթական և մշակութային բովանդակության համար նախատեսված հանրային միջոցները բաշխվեն մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ և բովանդակության բազմազանություն։

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 «կողմ» և ընդդիմության 31 «դեմ» ձայներով:

  • Կիսվել: