ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Սեպտեմբերին պատրաստվում ենք Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել. ԿԳՄՍ նախարար

Սեպտեմբերին պատրաստվում ենք Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել. ԿԳՄՍ նախարար

Այսօր Արվեստի համաշխարհային օրն է, և այսօր ունենք նաև հնարավորություն՝ վերանորոգումից և ցուցադրության նորացումից հետո ներկա լինելու Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար, հարակից զեկուցող Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին ծրագրին անդրադառնալիս:

Այս համատեքստում նախարարը հիշեցրեց, որ Պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ բացվել էր «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը:

«Օրերս ամփոփեցինք շուրջ 6-ամսյա ցուցադրությունը, որը դարձավ Հայաստանի պատմության ամենամեծ թվով այցելուներ ունեցող ցուցադրությունը: Ավելի քան 55 հազար այցելու ենք ունեցել:

Սա նաև նոր հարթակ ու հնարավորություն է բացել մեր թանգարանների համար: Սեպտեմբերին պատրաստվում ենք նույն Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել, արդեն իսկ Բեռլինի թանգարանի հետ է պլանավորված համագործակցություն, պատկերասրահը ցուցադրություն կկազմակերպի նաև Ֆրանսիայում:

Սա ցույց է տալիս, թե ինչպես են փոփոխություններն սկիզբ առնում ու ծավալվում առանձին նախագծերից՝ որակական փոփոխություն բերելով նաև ոլորտներում»,- ասաց նա:

  • Կիսվել: