հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սեբաստիայի բնակիչները պահանջում են վերականգնել 4600-ամյա կացարանները

Սեբաստիայի բնակիչները պահանջում են վերականգնել 4600-ամյա կացարանները

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Սեբաստիա (թուրք․ անվանումը՝ Սվաս) նահանգի Զառա գավառի Թյոդյուրգե գյուղի 4600-ամյա հնամենի ժայռափոր կացարանները, հնարավոր է, վերականգնվեն տեղի բնակիչների պահանջով, տեղեկացնում է «Ակունքը»՝ հղում անելով «Դողան» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Թյոդյուրգե գյուղի հյուսիսում և հարավ-արևմուտքում գտնվող մոտ 100 քարայրները, ենթադրաբար, կառուցվել են շուրջ 4 հազար տարի առաջ։ Քարանձավներում առկա են կացարան հիշեցնող փոքր սենյակներ, որոնք ամենայն հավանականությամբ նախ օգտագործվել են հռոմեացիների ժամանակաշրջանում։ Գյուղի հյուսիսում տեղակայված քարայրներում  նկատելի են խաչի նշաններ, որոնցից ելնելով ենթադրվում է, թե այդ կացարաններում բնակվել են նաև առաջին քրիստոնյաները։

Թյոդյուրգե գյուղի գյուղապետը «Դողան» գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է․ «Այս ժայռափոր կացարանները մոտավորապես 4600-ամյա պատմություն ունեն։ Հայտնի է, որ այս քարայրներում նախ ապրել են հռոմեացիները, իսկ ամենավերջում՝ հայերը։ Այս վայրերը որպես տուն են օգտագործել, հետագայում՝ նաև պահեստ։ Մեր պապերն այս քարանձավներն օգտագործել են որպես սառցարան, բայց ներկայում դրանք այլևս չեն օգտագործվում։ Թյոդյուրգեն անուշիկ գյուղ է, որն ունի այնպիսի առանձնահատկություններ, որոնք պետք է որ գրավեն զբոսաշրջիկների հետաքրքրությունը, բայց մեր ակնկալիքներն այս հարցում չեն արդարանում։ Ներկա պահին զբոսաշրջիկների թիվը շատ քիչ է։ Սպասում ենք, որ զբոսաշրջիկներ գան մեր գյուղ։ Ցանկանում ենք, որ քարայրների աստիճաններն ավելի լավ կառուցվեն, և որ հետագայում աշխատանքներ տարվեն, որպեսզի այս քարանձավները բացվեն զբոսաշրջիկների առաջ»։

  • Կիսվել: