ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ռուսերենով ուսուցման դասարաններում կա 5 427 երեխայի ընդունելություն. Ժաննա Անդրեասյան

Ռուսերենով ուսուցման դասարաններում կա 5 427 երեխայի ընդունելություն. Ժաննա Անդրեասյան

ՀՀ–ում ոչ հայալեզու, մասնավորապես ռուսերենով ուսուցման դասարաններում կա 5 427 երեխայի ընդունելություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Լրագրողներից մեկը նշեց, որ մեծ թվով ռուսներ Հայաստան են եկել մշտական բնակության, և հարցրեց` այդ առումով աշակերտների թիվը չի՞ ավելանում, կամ խնդիրներ չե՞ն առաջանում։
 
«Այս գործընթացն առաջիկա օրերին կամփոփվի, և մենք նկատում ենք որոշակի ակտիվություն հատկապես Երևան քաղաքում։ Նաև որոշակի իրավիճակային որոշումներ ենք կայացրել, որպեսզի երեխաների կրթության իրավունքը ապահովվի։ Եթե տվյալ շրջանում ռուսերենով սովորելու լիցենզիոն տեղերը սպառված են, ապա երեխաների ուսուցման հնարավորություն տալիս ենք, քանի որ այդ իմաստով այլընտրանքները հասանելի չեն, մոտ չեն, որպեսզի դրանք առաջարկվեն»,– հայտարարեց նախարարը։
Նա նշեց, որ հատկապես 1–ին և 10–րդ դասարանցիների ընդունելությունը մինչև սեպտեմբերի 5–ը շարունակվելու է։ Այդ իսկ պատճառով սեպտեմբերի առաջին օրերին միայն կունենան վերջնական պատկերը։
Նախարարը հիշեցրեց, որ նախորդ ուսումնական տարում ՀՀ դպրոցներում սովորել է 424 939 աշակերտ, իսկ վերջին տարիներին սովորողների դրական դինամիկա կա։

  • Կիսվել: