հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանի Արմավիր քաղաքում վերսկսվել է մեկդարյա պատմությամբ «Կռունկ» թերթի հրատարակումը

Ռուսաստանի Արմավիր քաղաքում վերսկսվել է մեկդարյա պատմությամբ «Կռունկ» թերթի հրատարակումը

Ռուսաստանի Արմավիր քաղաքում վերսկսվել է ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող հայկական թերթի տպագրությունը։

Հայտնի է, որ «Կռունկ» անվանմամբ թերթն առաջին անգամ քաղաքում լույս է տեսել 1917 թվականի մայիսին՝ Ներսես Երտեցյանի խմբագրմամբ։ Պարբերականը լուսաբանում էր քաղաքի հայ բնակչության կյանքը, սակայն ԽՍՀՄ տարիներին փակվել է։ «Կռունկ»-ը վերածնվել է  արդեն հետխորհրդային տարիներին և լույս է տեսել 1995-1999 թվականներին՝ «Արմավիր» մշակույթի և գթության հայկական ընկերության կողմից, որը ղեկավարել է Արտեմ Գրիգորի Ավանեսովը։ Մի շարք պատճառներով թերթի հրատարակումը կրկին դադարեցվել էր։
 
Ինչպես հաղորդում է «Երկրամաս»-ը, արդեն մեր օրերում Ռուսաստանի հայերի միության Արմավիր քաղաքի  տեղական բաժանմունքի նախագահ Ռոբերտ Գալուստովը որոշում է կայացրել վերսկսել «Կռունկ» թերթի թողարկումը: Օգոստոսի 29-ին, ՌՀՄ տեղական բաժանմունքի խորհրդի նիստում տեղի է ունեցել թերթի առաջին թողարկման շնորհանդեսը։ Թերթն ընթերցողներին ծանոթացնելու է քաղաքի հայ համայնքում իրականացվող ակտիվ աշխատանքին։
 
Որոշվել է թերթը թողարկել ամիսը մեկ անգամ ՝ 999 տպաքանակով։ «Կռունկ»-ը հրատարակվում է հովանավորչական միջոցների հաշվին, ընթերցողների շրջանում տարածվում է անվճար:

  • Կիսվել: