կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը Երեւանում կներկայացնի իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

Ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը Երեւանում կներկայացնի իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

Ապրիլի 26-ից 30-ը Երեւանում տեղի կունենա ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Զվյագինցեւը եւ կինոքննադատ Անտոն Դոլինը կգան Երեւան՝ անձամբ հանդիսատեսին ներկայացնելու ֆիլմերը։ Ռեժիսորի հինգ ֆիլմերը կցուցադրվեն իրենց ստեղծման հերթականությամբ՝ «Վերադարձ», «Աքսոր», «Ելենա», «Լեւիաֆան» եւ «Անսեր»:

Բոլոր ցուցադրությունները կանցկացվեն Կինոյի տանը՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճում։ Ֆիլմերը կցուցադրվեն ռուսերեն՝ հայերեն ենթագրերով։

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, Կաննի կինոփառատոնի հաղթող է, Օսկարի կրկնակի հավակնորդ։ Անդրեյ Զվյագինցեւի աշխատանքները ճանաչված են ամբողջ աշխարհում եւ արժանացել են մեծ թվով տարբեր միջազգային մրցանակների, երկու ֆիլմ ընդգրկված է 21-րդ դարի 50 լավագույն ֆիլմերի վարկանիշում։

Ռեժիսորի ֆիլմերն անդրադառնում են միջանձնային կոնֆլիկտների հիմքում ընկած խորը սոցիալական խնդիրներին, պետական ​​համակարգի հետ անհատի հարաբերություններին եւ աշխարհում մարդու տեղի որոնումներին։ 

  • Կիսվել: