շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռասամանջարի. հայ-հնդկական գալա համերգ

Ռասամանջարի. հայ-հնդկական գալա համերգ

Ս․թ․ մարտի 31-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «ՌԱՍԱՄԱՆՋԱՐԻ» խորագիրը կրող հայ-հնդկական գալա համերգը։

Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Կիշան Դան Դևալը և դեսպանատան մի շարք աշխատակիցներ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ պրն․ Մնացական Սաֆարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պրն․ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբի անդամ պատգամավորներ Նարեկ Բաբայանը և Ծովինար Վարդանյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք ԵՊՀ-ից և ԵՊԲՀ-ից։

Դարավոր պատմություն ունեցող հայկական և հնդկական տարբեր ու յուրահատուկ մշակույթները կրկին միավորվել էին մեկ երեկոյի ընթացքում։ Գարնան սիմվոլն իր մեջ կրող հայ-հնդկական գալա համերգը իրականություն դարձավ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

Մշակութային երեկոն նվիրված էր «Հնդկաստանի Անկախության 75 ամյակ»-ին, «Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակ»-ին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10 ամյակ»-ին:

Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ, տաղանդավոր երաժիշտ Պիտեր Դավիդյանն էր, ով հեռավոր Հնդկաստանից է՝ Կալկաթայից, բայց այսօր բնակվում է Ավստրալիայում։ Պիտերի ընտանիքն Իրանից տեղափոխվելով Հնդկաստան՝ նրան հնարավորություն է ընձեռել ծանոթանալ սիտար երաժշտական գործիքին, որին հիմա նա հիանալի տիրապետում է: Երեկոյի ընթացքում սիտարի քաղցրաձայն ելևէջների միջոցով երաժիշտը ներկայացրեց ինչպես հնդկական, այնպես էլ հայկական երաժշտություն:

Երկու ժամ տևողությամբ «Ռասամանջարի» գալա համերգի ընթացքում ներկայացվեցին Հնդկաստանի և Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը: Պիտեր Դավիդյանի հետ համատեղ երաժշտական կատարումներով ներկայացավ նաև բլուլահար Ավագ Մարգարյանը:
Ինչպես նաև ծրագրում ներկայացվեցին հայկական ու հնդկական երգեր, հանդես եկան հնդկական մշակութային կենտրոնի «Շակտի» պարի և երգի խումբը, «ԱԿՆԵՐ» և «Ծիրանի ծառ» հայ ազգային երգի ու պարի համույթները:

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նպատակն է տարբեր հարթակներում ներկայացնել հայ-հնդկական հարաբերությունները՝ հանդիսանալով կամուրջ երկու երկրների միջև, ինչպես նաև ամրապնդել երկու երկրների մշակութային, տնտեսական, առևտրային կապերը և շեշտադրել երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։

  • Կիսվել: