ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ռասամանջարի» համերգային երեկոն կմիավորի հայկական և հնդկական մշակույթները

«Ռասամանջարի» համերգային երեկոն կմիավորի հայկական և հնդկական մշակույթները

  Դարավոր պատմություն ունեցող հայկական և հնդկական տարբեր ու յուրահատուկ մշակույթները միավորվելու են մեկ երեկոյի ընթացքում. մարտի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարի» (որը թարգմանաբար նշանակում է ծաղկունք) հայ-հնդկական գալա համերգը:

 Համերգը կյանքի կկոչվի Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:
Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ երաժիշտ Պիտեր Դավիդյանն է, որը հեռավոր Հնդկաստանից է՝ Կալկաթայից, բայց այժմ բնակվում է Ավստրալիայում։ Պիտերի ընտանիքն Իրանից տեղափոխվելով Հնդկաստան՝ նրան հնարավորություն է ընձեռել ծանոթանալու սիտար երաժշտական գործիքին, որին հիմա նա հիանալի տիրապետում է:

Համերգին սիտարի քաղցրաձայն ելևէջների միջոցով երաժիշտը կներկայացնի ինչպես հնդկական, այնպես էլ հայկական երաժշտություն: Պիտեր Դավիդյանին հանդիսատեսը հիշում է երկու տարի առաջ «Նարեկացի» արվեստի միությունում ունեցած համերգով, որից հետո բազմաթիվ դրական կարծիքներ էին հնչել: Պիտեր Դավիդյանի հետ համատեղ երաժշտական կատարումներով կներկայանա նաև բլուլահար Ավագ Մարգարյանը:

Կհնչեն հայկական ու հնդկական երգեր, հանդես կգան հնդկական մշակութային կենտրոնի «Շակտի» պարի և երգի խումբը, «ԱԿՆԵՐ» և «Ծիրանի ծառ» հայ  ազգային երգի ու պարի համույթները:

Մշակութային երեկոն նվիրված է Հնդկաստանի անկախության 75-րդ ամյակին  (#AzadiKaAmritMahotsav), Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն»  ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին ( #IAFInAction_10YearsTogether).

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նպատակն է տարբեր հարթակներում ներկայացնել հայ-հնդկական հարաբերությունները՝ հանդիսանալով կամուրջ երկու երկրների միջև, ինչպես նաև ամրապնդել երկու երկրների մշակութային, տնտեսական, առևտրային կապերը և շեշտադրել երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։

  • Կիսվել: