շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկվել են Հայաստանի ԳԱԱ և Աթենքի ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր կնքելու հարցեր

Քննարկվել են Հայաստանի ԳԱԱ և Աթենքի ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր կնքելու հարցեր

Հոկտեմբերի 26-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի Գիտությունների ակադեմիայի նախագահ Միխայիլ-Կոնստանտինոս Ստաֆոպուլոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
 
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Գիտությունների ազգային և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցությանը ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու և առաջին իսկ հնարավորության դեպքում երկու հաստատությունների միջև համագործակցության հուշագիր կնքելու հարցեր։ Վերջինը հնարավորություն կընձեռի սկսել փոխադարձ այցելություններ, մեկնարկել մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, իրականացնել համատեղ գիտական նախաձեռնություններ և կյանքի կոչել գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրեր։
 
Մասնավորապես առաջիկայում նախատեսվում է նման նախաձեռնություններով հանդես գալ հնագիտության և ազգագրության ոլորտներում։
 
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից իրականացվող միջոցառումները, անդրադարձ կատարվեց համատեղ ծրագրերի հնարավորությանը:
 
Ողջունելով դեսպանի առաջարկները՝ Կոնստանտինոս Ստաֆոպուլոսը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու և համահեղինակելու ՀՀ դեսպանության գիտական և մշակութային նախաձեռնությունները:
 
Դեսպան Մկրտչյանը Աթենքի ակադեմիային է փոխանցել մի շարք գրքեր՝ նվիրված հայոց պատմությանը և մշակույթին, ներառյալ Մխիթարյան միաբան Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանյանի և ավստրալահայ գրականագետ-գիտաշխատող Արա Քեթիպեանի խմբագրությամբ լույս տեսած The Armenian Genocide. Prelude and Aftermath As Reported in the US Press խորագիրը կրող բազմահատոր հավաքածուի մինչ օրս տպված 7 հատորները»,- ասված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: