«Քեմուրջյան-100» համաժողով՝ նվիրված աշխարհահռչակ ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովը:



Ալեքսանդր Քեմուրջյանն աշխատել է Խորհրդային Միության առաջատար գիտական հաստատություններում: Աշխատելով Լենինգրադի «Տրանսմաշ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում՝ նրա հիմնական մասնագիտացումը եղել է խորհրդային բանակի համար տանկերի նախագծումը։ Ավելի ուշ՝ 1970-ականների սկզբին, Քեմուրջյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է «Լուսնագնաց 1»-ի և «Լուսնագնաց 2»-ի ստեղծմանը: «ПРОП-М» կոչվող աշխարհում առաջին մարսագնացը ևս նախագծվել է «Տրանսմաշում», որի վրա աշխատել է կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանի գլխավորած 150 ինժեներների խումբը:
Չեռնոբիլի միջուկային աղետի ժամանակ Քեմուրջյանի ղեկավարությամբ ամենակարճ ժամանակահատվածում ստեղծվել և արտադրվել են STR-1 ռոբոտները: Ինքնավար տրանսպորտային ռոբոտները աշխատել են ավելի քան 200 ժամ՝ հեռացնելով ավելի քան 90 տոննա ռադիոակտիվ նյութեր: