ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին

Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 560 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ ճարտարապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014 թթ.): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ջիմ Թորոսյանի դուստր Նունե Թորոսյանը և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ հայկական հարուստ ճարտարապետությունը՝ որպես պատմամշակութային հետք, տեսանելի է ամբողջ հանրապետությունում, և ոլորտի երախտավորները՝ ի դեմս Ջիմ Թորոսյանի, պետք է ըստ արժանվույն գնահատվեն սերունդների կողմից:

«Ջիմ Թորոսյանի ժառանգությունը տեսանելի և գնահատելի է ոչ միայն տեղացիներիս, այլև ամբողջ աշխարհի համար: Պետությունն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում մշակութային ժառանգության պաշտպանությանը: Մանրամասնորեն ուսումնասիրելով և հիմքից ճանաչելով մեր մշակույթը՝ պետք է զարգացնենք այն՝ կառուցելով նորը: Ջիմ Թորոսյանի ժառանգությունն այսօր էլ կենդանի է, քանի որ ամեն օր, ամեն քայլափոխի մենք հաղորդակից ենք լինում նրա նախագծերով կառուցված հոյակերտ շինություններին»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Ջիմ Թորոսյանի դուստր Նունե Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքի անունից մեծանուն ճարտարապետի հիշատակը պատվելու համար: Նա ելույթում մեջբերել է Ջիմ Թորոսյանի՝ երիտասարդներին ուղղված խոսքերը, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Տիտղոսները, գովեստները, մեծարանքը, կոչումները լավ են, ուրախացնում են մարդուն, ինչ խոսք, բայց կարևորը գործն է: Ալեքսանդր Թամանյանը հասել էր իր փառքի գագաթնակետին, բայց ամեն ինչ թողեց և եկավ աղքատ, քանդված, ավերակ, գաղթականներով լցված Հայաստան, որպեսզի մայրաքաղաք կառուցի: Եվ արեց անհնարինը: Նրանք, ովքեր կարող են այս անհնարինը շարունակել, թող կառուցեն: Մայրաքաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ, ամենայն լրջությամբ, հոգատարությամբ և մեծ տաղանդով»:

Գեղաթերթիկի վրա պատկերված են Ջիմ Թորոսյանի աշխատանքներից մի քանիսը՝ Կասկադ համալիրի մի հատվածը (ճարտարապետներ` Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Ռոմեո Ջուլհակյան):

Գեղաթերթիկի վրա առկա են նաև «ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ», «100 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրառումները՝ հայերեն և անգլերեն. դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի, տպարանը` bpost Philately & Stamps Printing (Բելգիա), նամականիշի չափսերը` 30 x 40 մմ, գեղաթերթիկի չափսերը` 80 x 65 մմ, տպաքանակը՝ 10 000 հատ:

  • Կիսվել: