երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պրեմիերաներ Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ պետական աջակցությամբ

Պրեմիերաներ Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ պետական աջակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ Երևանի պարարվեստի պետական քոլեջում տեղի են ունեցել «Ռայմոնդա» 3-րդ գործողություն և «Վերադարձ արմատներին» բալետների պրեմիերաները՝ Դավիթ Գալստյանի բեմադրությամբ: Բեմադրությունները կատարել են քոլեջի սաները և շրջանավարտները:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը, ոլորտի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է քոլեջի անձնակազմին պրեմիերաների կապակցությամբ և դրանց կայացման գործում նշել պետական աջակցության կարևորությունը. «Այս ուսումնարանն է երաշխավորը Օպերայի և բալետի ազգային թատրոնի ապագայի, և այս առումով պետության դերն ու աջակցությունը շատ կարևոր են: Նախարարության հետևողական ուշադրության արդյունքում սերտացել են քոլեջի և պրոֆեսիոնալ բեմի՝ Օպերայի միջև հարաբերությունները»:

Արա Խզմալյանի համոզմամբ՝ եթե Երևանի պարարվեստի պետական քոլեջը չունենա հանրային ճանաչում և գրավչություն, և ընդունվող երիտասարդը վստահ չլինի իր մասնագիտական գործունեության ապահովմանը, ապա պարզապես կասկածի տակ կդրվի բարձրագույն հարթակը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: «Քոլեջի սաներն արդեն իսկ ընդգրկված են թատրոնի ներկայացումներին, և սա այն բնականոն շրջափուլն է՝ առանց որի հնարավոր չէ պատկերացնել ոլորտի առաջընթացը»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Արա Խզմալյանն անդրադարձել է նաև պետության աջակցությամբ իրականացված՝ ուսհաստատության դահլիճի հատակի վերանորոգմանը. «Նախարարության աջակցությամբ և Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ ամբողջովին փոխվել է դահլիճի հատակը, ինչը չափազանց կարևոր է մասնագիտական աճի և կատարելագործման տեսանկյունից: Դրանից առաջ նորոգվել էր փորձասենյակը. այսօր աջակցությունը շարունակվում է նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակում»:

Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասել է. «Այս ուսումնարանը, իմ ընկալմամբ, գեղեցկության գործարան է: Մտնելով այստեղ՝ կարծես մուտք ես գործում մի կատարյալ Հայաստան, որտեղ միջանցքներում քայլում են բարետես, սլացիկ, գեղեցիկ, շիտակ մեջքով պատանիներ, ինչն անսահման լավատեսություն է ներշնչում»:

Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում արվել են բալետների ձևավորումը, զգեստավորումը, ձեռք են բերվել պրոֆեսիոնալ ամորտիզացիա ունեցող հատակ և հատակի մասնագիտացված ծածկ:

  • Կիսվել: