ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է հրատապ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ԼՂ և հարակից տարածքներ. Քրիստիան Տեր-Ստեփանյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Պետք է հրատապ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ԼՂ և հարակից տարածքներ. Քրիստիան Տեր-Ստեփանյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Մայիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկեց Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանը։ Նույն օրը կայացած լիագումար առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ անդրադառնալով արտակարգ և պատերազմական իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ծավալվող գործունեությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տուժած մարզերում կրթական համակարգի կրած վնասները և ներկայացրեց իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց համար, որոնց կրթության իրավունքը ոտնահարվում է։

Այդ համատեքստում, նա հիշատակեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, այդ թվում՝ 30 000 երեխաների կրթության իրավունքի ոտնահարումը։ Նա վերահաստատեց նկարագրված իրավիճակով պայմանավորված ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելության ուղարկման հրատապությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նաև մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի շրջաններում։ Նա ընդգծեց, որ 2020 թվականից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի ենթարկելու, յուրացման բազմաթիվ դեպքերը ցանկացած հայկական մշակութային հետքի վերացման նպատակի խոսուն ապացույց են։ Այդ համատեքստում, դեսպան Տեր-Ստեփանյանը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հրատապ ուղարկման ցանկությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնությունների։

  • Կիսվել: