հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատմական շերտի բացումը չի խանգարի Հանրապետության հրապարակի տրանսպորտային հոսքերին. հնագետ

Պատմական շերտի բացումը չի խանգարի Հանրապետության հրապարակի տրանսպորտային հոսքերին. հնագետ

Հանրապետության հրապարակի տակ գտնվող հին քաղաքը կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն։  Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հնագետ Ֆրինա Բաբայանը: Ի դեպ՝ նա դեռ 2003-ին մասնակցել է Երևանի պեղումներին։

Հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել էր ստորգետնյա քաղաքը: Նույն թվականին գտածոն կոնսերվացվել է, լցվել ավազով և ծածկվել ասֆալտի շերտով։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ընթացիկ տարում կսկսվեն այդ պատմական օբյեկտի բացման և յուրօրինակ թանգարանային օբյեկտի վերածման աշխատանքները:

 Բաբայացնը նշել է, որ հինավուրց քաղաքն իսկապես հետաքրքրություն է ներկայացնում պատմության և ճարտարապետության տեսանկյունից: Այնտեղ հայտնաբերվել են XVI-XVIIդդ. վերաբերող նկուղային շինություններ՝ չորս մետր խորությամբ, որոնք կառուցվել են կարմիր և սև տուֆից։ Նշված ժամանակահատվածում նկուղային շինությունները եղել են բնակելի սենյակներ։  Դրանով կարելի է բացատրել նաեւ հայտնաբերված շինություններում պատուհանների առկայությունը: Դրանք ունեցել են որոշակի թեքություն, ինչը թույլ է տալիս արևի ճառագայթների ներթափանցում:

Ըստ հնագետի՝ այդ պատուհանների կառուցվածքը նման է հայկական եկեղեցիների պատուհաններին։ 1679 թվականին Երևանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որը հիմնովին ավերել է շինությունները։  Պահպանվել են միայն նկուղային շինությունները, որոնք էլ հայտնաբերվել են 2003 թվականին։ 

Բաբայանն ասաց, որ 17 տարի առաջ բացված պատմական շերտը գտնվում է նախկին ԱԳՆ շենքից ուղիղ դեպի կառավարության շենքի աշտարակը, և պատմական շերտի բացումը չի խանգարի Հանրապետության հրապարակի տրանսպորտային հոսքերին։  Նա նաև նշեց, որ հին Երեւանի այդ հատվածի բացման նախագիծը զբոսաշրջային նպատակներով պետք է քննարկվի փորձագետների հետ: Մասնավորապես՝ անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք կարելի է ցանկացողներին թույլ տալ իջնել ներքև՝ անմիջապես պատմական շինությունների մոտ, թե՞ ավելի նպատակահարմար կլինի այդ հատվածը փակել ապակու շերտով։ 

Նրա խոսքով՝ ամեն դեպքում հնագույն քաղաքը կարող է չափազանց հետաքրքիր լինել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների համար։

  • Կիսվել: