ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Պատմական ելույթ. Ավգուստին Հադելիխի համերգը՝ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ

Պատմական ելույթ. Ավգուստին Հադելիխի համերգը՝ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ

Նրա երաժշտության մեջ զգացվում է շնչառություն: Նա լսելի է դարձնում սրտի և հոգու ձայնը: Մեր ժամանակների մեծագույն երաժիշտ, աշխարհահռչակ ջութակահար, Գրեմիի մրցանակակիր Ավգուստին Հադելիխը իր առանձնահատուկ տեխնիկայով, խորաթափանց և հուզիչ մեկնաբանությամբ Երևանում էր քաղաքապետի հատուկ հրավերով՝ երեկույթ ունենալու «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Հայաստանում մշտապես գործող առաջին պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգին պատրաստվում էր ամիսներ շարունակ: Անդադար փորձեր, նոր արդյունքներ ու հաջողություններ և, ահա, «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն  համերգասրահը սպասում էր պատանի երաժիշտներին ու աշխարհահռչակ ջութակահարին: 

Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ պատանիները Ավգուստին Հադելիխի հետ հանդիսատեսին ներկայացան Բեթհովենի «Ջութակի կոնցերտով»:  Նրա ձեռքում 1744 թվականի Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի  ջութակն է, որ իր նվագով կերտել է սիրո հարյուրամյա պատմություններ:

Պատմական ելույթը նոր էջ է բացելու ոչ միայն նվագախմբի, այլև հայաստանյան կատարողական արվեստում:  

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաև Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան:
Չդադարող ծափահարություններով հանդիսատեսը ճանապարհեց նրանց՝ մինչ նոր հանդիպում:

  • Կիսվել: