երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Ընդամենը 3 ամիս առաջ էր, երբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ հանդիպեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակիցների, ծնողների ու ուսուցիչների հետ և պայմանավորվեցինք բոլորս միահամուռ կերպով նպաստել այս գեղեցիկ նախաձեռնության կյանքի կոչմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է, որի հաջողության գրավականը մեր բոլորիս միասնականությունն ու հաստատակամությունն էր:
Ես վստահ եմ, որ նվագախումբը ոգեշնչվելու և հպարտանալու բազմաթիվ առիթներ է դեռևս ընձեռելու մեզ բոլորիս, և այն վստահաբար փոխելու է երաժշտական կրթության նկատմամբ մեր վերաբերմունքը:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել պատանիներին, նվագախմբի փորձավարներին, ուսուցիչներին, ծնողներին և իհարկե մաեստրո Էդուարդ Թոփչյանին՝ մեր բոլորիս միասնական նպատակը կյանքի կոչելու ու նվիրական աշխատանքի համար»,-նշել է նա:

Նշենք, որ Երևանի մշակութային կյանքում ունեցած ավանդի, «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով։

  • Կիսվել: